Թալիբները մտել են Քաբուլ, նախագահ Ղանին լքել է Աֆղանստանը
Շարժումը հայտարարել է նախագահական պալատի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին
«Թալիբան» շարժման զինյալները գրեթե առանց դիմադրության մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Երկրի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է Աֆղանստանը՝ հայտարարելով, որ դա արել է արյունահեղությունից խուսափելու համար։
Շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ վերահսկողության տակ են վերցրել նախագահական պալատը։ Ընդամենը տասը օրում թալիբները վերահսկողություն են հաստատել երկրի նահանգային կենտրոնների մեծ մասի վրա։
Քաբուլի միջազգային օդանավակայանում կուտակվել են երկրից հեռանալ փորձող հազարավոր մարդիկ։ ԱՄՆ-ն և այլ պետություններ արագացնում են դիվանագետների և քաղաքացիների տարհանումը։
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը՝ գործողության մեկնարկից գրեթե 20 տարի անց։