Ռուսաստանը ռազմական ներխուժում է սկսել Ուկրաինա
Հարվածներ են հասցվել Կիևին, Խարկովին և այլ քաղաքների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղ առավոտյան հեռուստաուղերձում հայտարարել է Ուկրաինայում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց պայթյուններ են հնչել Կիևում, Խարկովում, Օդեսայում և մի շարք այլ քաղաքներում։
Ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանն անցել են հյուսիսից, արևելքից և հարավից, այդ թվում՝ Բելառուսի տարածքից և Ղրիմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է մտցրել և հայտարարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։
ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի առաջնորդները դատապարտել են ներխուժումը և աննախադեպ պատժամիջոցներ խոստացել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Պուտինին կոչ է արել դադարեցնել հարձակումը։
Նավթի գները 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի դիմաց 100 դոլարը, համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են ապրել։ Ռուբլին դոլարի նկատմամբ պատմական նվազագույն է գրանցել։