Պուտինը հինգերորդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի նախագահ
ԿԸՀ տվյալներով՝ նա ստացել է ձայների ավելի քան 87 տոկոսը
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87,28 տոկոսը, ինչը երկրում նախագահական ընտրությունների պատմության մեջ ռեկորդային արդյունք է։ Մասնակցությունը կազմել է մոտ 77 տոկոս։
Երկրորդ տեղում է ՌԴԿԿ թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, երրորդում՝ «Նոր մարդիկ» կուսակցության ներկայացուցիչ Վլադիսլավ Դավանկովը, չորրորդում՝ ԼԴԿՌ-ից Լեոնիդ Սլուցկին։
Քվեարկությունը տևել է երեք օր՝ մարտի 15-ից 17-ը, այդ թվում՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Անկախ դիտորդները հայտնել են ընտրողների վրա ճնշումների և խախտումների մասին։
Արևմտյան երկրները հայտարարել են, որ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար։ ԱՊՀ մի շարք երկրների, Չինաստանի և Իրանի ղեկավարները շնորհավորել են Պուտինին։