Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիությունից
47 տարվա անդամակցությունից հետո սկսվում է անցումային շրջան
Բրյուսելի ժամանակով կեսգիշերին Մեծ Բրիտանիան դադարել է Եվրոպական միության անդամ լինել։ Երկիրը 47 տարի եղել է միության կազմում և առաջինն է, որ լքում է այն։
Մինչև 2020 թվականի վերջը կշարունակվի անցումային շրջանը. բրիտանացիները մնում են ԵՄ միասնական շուկայում և մաքսային միությունում, իսկ Լոնդոնն ու Բրյուսելը պետք է համաձայնության գան ապագա առևտրային հարաբերությունների շուրջ։
Վարչապետ Բորիս Ջոնսոնը ազգին ուղղված ուղերձում այս պահն անվանել է «նոր դարաշրջանի սկիզբ»։ Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին դուրս գալու կողմնակիցները, իսկ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում ակցիաներ են անցկացրել հակառակորդները։
Բրիտանիայի դուրսգալը կանդրադառնա նաև երրորդ երկրների հետ նրա առևտրին. Լոնդոնը պետք է նորովի կնքի տասնյակ առևտրային համաձայնագրեր։