Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է սկսել Pfizer-ով զանգվածային պատվաստումը
Առաջին պատվաստումը ստացել է 90-ամյա Մարգարեթ Քինանը
Մեծ Բրիտանիայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութով։ Սա առաջին երկիրն է, որտեղ կլինիկական փորձարկումների ամբողջական տվյալներով պատվաստանյութը կիրառվում է հետազոտություններից դուրս։
Առաջին պատվաստումը ստացել է 90-ամյա Մարգարեթ Քինանը Քովենթրիի հիվանդանոցում։ Նրանից հետո պատվաստվել է 81-ամյա Ուիլյամ Շեքսպիրը, ինչը սոցցանցերում կատակների ալիք է առաջացրել։
Առաջին հերթին պատվաստվում են 80-ն անց անձինք, ծերանոցների աշխատակիցները և բուժաշխատողները։ Լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է երկու դեղաչափ՝ երեք շաբաթ ընդմիջումով։
Պատվաստանյութը պահվում է մոտ մինուս 70 աստիճան ջերմաստիճանում, ինչը բարդացնում է լոգիստիկան։ ԱՄՆ-ում և Եվրամիությունում դրա հաստատման վերաբերյալ որոշումներն սպասվում են առաջիկա շաբաթներին։