ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ
Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 118 հազարը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի տարածումը ճանաչել է համավարակ։ Այդ մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Կազմակերպության տվյալներով՝ 114 երկրում գրանցվել է վարակման ավելի քան 118 հազար դեպք, մահացել է ավելի քան 4 հազար մարդ։ Երկու շաբաթում Չինաստանից դուրս դեպքերի թիվն աճել է 13 անգամ։
ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ համավարակը դեռ կարելի է վերահսկողության տակ առնել, եթե երկրները հայտնաբերեն, մեկուսացնեն և բուժեն հիվանդներին և հետևեն նրանց շփումներին։
Իտալիան նախորդ օրը կարանտինային սահմանափակումներ է մտցրել ամբողջ երկրում։ Մի շարք պետություններ փակում են դպրոցները, չեղարկում զանգվածային միջոցառումները և սահմանափակում օտարերկրացիների մուտքը։