ՀԱՊԿ-ը խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան, ուժերի կազմում կան հայ զինվորականներ
Որոշման մասին հայտարարել է Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան, որտեղ գազի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաները վերածվել են զանգվածային անկարգությունների։ Որոշման մասին հայտնել է Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ խոսելով «արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբավորումների» մասին։ Ալմաթիում գրավվել են վարչական շենքեր և օդանավակայանը։
Զորախմբի հիմքը կկազմեն ռուս զինվորականները։ Հայաստանը կուղարկի մոտ 100 զինծառայող, որոնք կպահպանեն ենթակառուցվածքային օբյեկտները և ուժային գործողություններին չեն մասնակցի։
Հայաստանում որոշումը քննարկումների տեղիք է տվել. ընդդիմությունը և հասարակության մի մասը հիշեցրել են, որ ՀԱՊԿ-ը չէր արձագանքել Երևանի օգնության խնդրանքներին 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո։