Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին մարտերը շարունակվում են երրորդ օրը
Կողմերը կիրառում են հրետանի և անօդաչուներ
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ Հայաստանի Տավուշի մարզում, շարունակվում են հուլիսի 12-ին սկսված մարտական գործողությունները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է Մովսես գյուղի տարածքում դիրքեր գրավելու ադրբեջանական ստորաբաժանումների փորձերի մասին։
Ադրբեջանական կողմը հայտնել է մի քանի զինծառայողի զոհվելու մասին, այդ թվում՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի։ Հայաստանը նույնպես կորուստներ է հայտնել։ Գնդակոծության են ենթարկվել Տավուշի բնակավայրեր։
Սա 2016 թվականի ապրիլյան պատերազմից ի վեր ամենալուրջ սրացումն է։ Միջադեպը տեղի է ունեցել Ղարաբաղում շփման գծից հեռու՝ երկու պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանին։
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել և առաջարկել բանակցություններ անցկացնել։