ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին
Թիրախ են դարձել Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Թրամփի խոսքով՝ օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են»։
Ֆորդոյի ստորգետնյա համալիրին հարվածելու համար կիրառվել են B-2 ռազմավարական ռմբակոծիչներ՝ բունկերներ խոցող ռումբերով։ Գործողությանը նախորդել էր Իրանի վրա իսրայելական հարվածների ավելի քան մեկշաբաթյա արշավը։
Թեհրանը դատապարտել է հարվածները՝ որպես միջազգային իրավունքի խախտում, և խոստացել պատասխանել։ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ օբյեկտներից դուրս ճառագայթային ֆոնի բարձրացում չի արձանագրվել։
Իրանին սահմանակից Հայաստանը կոչ է արել լարվածության թուլացման։ Երևանում հայտնել են, որ Ագարակի անցակետը գործում է, և դրանով Հայաստան են ժամանում Իրանը լքող տարբեր երկրների քաղաքացիներ։