Նավալնին ծանր վիճակում է. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Օմսկում
Քաղաքական գործչի համախոհները թունավորում են կասկածում
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ծանր վիճակում հոսպիտալացվել է Օմսկում։ Նա վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում, և օդանավը վթարային վայրէջք է կատարել։
Քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել է, որ Նավալնին, ըստ ամենայնի, թունավորվել է. առավոտյան օդանավակայանում նա միայն թեյ է խմել։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է և միացված է արհեստական շնչառության սարքին։
Օմսկի հիվանդանոցի բժիշկները դեռ ախտորոշում չեն հայտնում։ Նավալնու համախոհները ձգտում են նրան բուժման տեղափոխել Գերմանիա։
Կրեմլում Նավալնուն շուտափույթ ապաքինում են մաղթել և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում օգնություն կցուցաբերեն։ Եվրոպական կառավարությունները թափանցիկ հետաքննության կոչ են արել։