Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգվել են մինչև 2021 թվական
Պատմության մեջ առաջին անգամ Խաղերը հետաձգվում են ոչ պատերազմի պատճառով
Միջազգային օլիմպիական կոմիտեն և ճապոնացի կազմակերպիչները պայմանավորվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը տեղափոխել 2021 թվական։ Որոշումն ընդունվել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հեռախոսազրույցից հետո։
Խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Դրանք կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը, իսկ օլիմպիական կրակը կմնա Ճապոնիայում։
Ավելի վաղ Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ ամռանը մարզիկներ չեն ուղարկի Խաղերին։ Մեկ շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղափոխել էր 2021 թվական։
Օլիմպիական ուղեգրեր արդեն նվաճած մարզիկները, այդ թվում՝ հայաստանցիները, կպահպանեն դրանք, հավաստիացրել են ՄՕԿ-ում։