Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք
Ընտրությունների արդյունքների հաստատման նիստն ընդհատվել էր մի քանի ժամով
Պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը ճեղքել է ոստիկանական պատնեշներն ու ներխուժել Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումի շենք, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու համար։
Օրենսդիրներին և փոխնախագահ Մայք Փենսին տարհանել են։ Վաշինգտոնում պարետային ժամ է սահմանվել, ոստիկանությանն օգնության է ուղարկվել Ազգային գվարդիան։ Ոստիկանության տվյալներով՝ մի քանի մարդ է զոհվել։
Շենքն ազատելուց մի քանի ժամ անց Կոնգրեսը վերսկսել է նիստը և հաստատել Ջո Բայդենի հաղթանակը։
Աշխարհի առաջնորդները դատապարտել են անկարգությունները։ Twitter-ը և Facebook-ը ժամանակավորապես արգելափակել են Թրամփի օգտահաշիվները՝ վկայակոչելով հետագա բռնությունների վտանգը։