Պուտինի և Թրամփի գագաթնաժողովն Ալյասկայում ավարտվել է առանց համաձայնության
Առաջնորդները բանակցություններ են անցկացրել Անքորիջի ռազմաբազայում
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը բանակցություններ են անցկացրել Անքորիջում՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոն միացյալ ռազմաբազայում։ Սա 2021 թվականից ի վեր երկու երկրների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է։
Ընդլայնված կազմով բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Դրանց արդյունքներով առաջնորդները կարճ հայտարարություններ են արել՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։
Թրամփը հանդիպումն անվանել է «չափազանց արդյունավետ», բայց ընդունել, որ գործարք դեռ չկա։ Պուտինը հույս է հայտնել, որ ձեռք բերված փոխըմբռնումը ճանապարհ կբացի դեպի Ուկրաինայում խաղաղություն, և առաջարկել հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առաջիկա օրերին կհանդիպի Թրամփի հետ Վաշինգտոնում։