Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը մոտ վեց ժամ չէին աշխատում
Ընկերության պատմության ամենախոշոր խափանումը վերաբերել է միլիարդավոր օգտատերերի
Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp և Messenger հավելվածները ամբողջ աշխարհում մոտ վեց ժամ անհասանելի են եղել։ Սա ընկերության պատմության ամենախոշոր խափանումն է։
Facebook-ում բացատրել են, որ պատճառը տվյալների կենտրոնների միջև երթևեկությունը համակարգող երթուղիչների կարգավորումների փոփոխությունն է եղել։ Արդյունքում ծառայությունները փաստացի անհետացել են համացանցից։
Խափանումը վերաբերել է նաև ընկերության ներքին համակարգերին. ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ աշխատակիցները չէին կարողանում էլեկտրոնային անցագրերով մտնել գրասենյակներ։ Facebook-ի բաժնետոմսերը մեկ օրում էժանացել են գրեթե 5 տոկոսով։
Հայաստանում, ինչպես և շատ երկրներում, օգտատերերը զանգվածաբար անցել են Telegram և այլ մեսենջերներ։ Telegram-ը հայտնել է մեկ օրում ավելի քան 70 միլիոն նոր օգտատիրոջ մասին։