Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Տավուշում սահմանի հատվածի սահմանազատման շուրջ
Բաքվի վերահսկողության տակ կանցնեն չորս լքված գյուղեր
Սահմանազատման հանձնաժողովների նիստի արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի միջև սահմանագծի անցման վերաբերյալ։
Պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն մինչև 1990-ականները ադրբեջանական եղած չորս գյուղերի՝ Բաղանիս Այրումի, Աշաղը Ասկիպարայի, Խեյրիմլիի և Ղըզըլհաջըլիի տարածքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունքում Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհների և ենթակառուցվածքների կոնֆիգուրացիան չի փոխվի։ Սակայն Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները մտահոգություն են հայտնում իրենց անվտանգության համար։
Սա հանձնաժողովների աշխատանքի առաջին գործնական արդյունքն է։ Կողմերը պայմանավորվել են, որ գործընթացը կհիմնվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։