Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր
Դիմումը պետք է ներկայացնել առցանց և ստանալ QR կոդ
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգը։ Այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Կառավարությունը հաստատել է փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում՝ լրացուցիչ վճարով արագացված ձևակերպումը։ Համակարգը ներդրվում է մասնավոր գործընկերոջ հետ՝ հայկական փաստաթղթերը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։
Սկզբում քաղաքացին նախնական գրանցում է անցնում թվային հարթակում և առցանց վճարում տուրքը։ ՆԳՆ-ն տվյալները ստուգում է Բնակչության պետական ռեգիստրով, որից հետո դիմողն էլեկտրոնային փոստով ստանում է QR կոդ։
Այդ կոդով պետք է ներկայանալ հատուկ գրասենյակ, հանձնել մատնահետքեր և լուսանկարվել։ Սպասարկման նոր կենտրոնները բացվում են նոյեմբերի 1-ից։