Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը
Երևանը պատրաստ է խորհրդակցությունների՝ ստորագրման ամսաթվի և վայրի շուրջ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկները չհամաձայնեցված մնացած երկու հոդվածների վերաբերյալ։
«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խորհրդակցություններ սկսել ստորագրման ամսաթվի և վայրի շուրջ»,— ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է բանակցությունների ավարտը։ Ընդ որում, Բաքուն պնդում է, որ ստորագրման նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Համաձայնագիրը բաղկացած է 17 հոդվածից։ Դրա շուրջ բանակցությունները տևել են ավելի քան երկու տարի։