Թեհրանի մոտ կործանվել է ուկրաինական Boeing. զոհվել է 176 մարդ
Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից րոպեներ անց
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում էր PS752 չվերթը Թեհրանից Կիև, կործանվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ էր, ողջ մնացած չկա։
Զոհերի թվում են Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Աղետը տեղի է ունեցել Իրաքում ամերիկյան զինվորականների բազաների վրա Իրանի հրթիռային հարվածից մի քանի ժամ անց։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդհատել է այցն Օման և հանձնարարել ստեղծել հետաքննող հանձնաժողով։ Ուկրաինացի մասնագետները մեկնել են Թեհրան։
Կանադան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն հայտարարել են, որ տվյալներ ունեն ինքնաթիռը հրթիռով խոցված լինելու հավանականության մասին։ Թեհրանն առայժմ մերժում է այդ ենթադրությունները։