«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Արամայիս Ավետիսյանը
Որոշումը կայացրել է հոգաբարձուների խորհուրդը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրել Արամայիս Ավետիսյանին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 22 անդամ, երկուսը ձեռնպահ են մնացել, դեմ քվեարկող չի եղել։
Նիստին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի 29 անդամից 24-ը։ Ավետիսյանը պաշտոնավարումը սկսում է օգոստոսի 24-ից։
Իր ծրագրում նոր տնօրենը որպես առաջնահերթություններ նշել է կազմակերպական կարողությունների ամրապնդումը, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության մշակույթը, ինչպես նաև ճգնաժամերին արձագանքելուց անցումը երկարաժամկետ ռազմավարական պլանավորման։
Ավետիսյանի խոսքով՝ Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդումը կմնա հիմնադրամի առաքելության առանցքային մասը։ Նա տնտեսագետ է և կառավարման մասնագետ։